08 October 2011

Ազնավուրի հարցազրույցը Nouvelles d'Arménie ամսագրին


azatutyun.am
Աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը  հարցազրույց է տվել Nouvelles d'Arménie ամսագրին, նա խոսել է Հայոց ցեղասպանության, հայ-թուրքական հարաբերությունների, ղարաբաղյան հիմնախնդրի նաև Հայաստանում իշխող հանցագործ ռեժիմի մասին:

Դեռ սեպտեմբերի 4-ին France 2 հեռուստաալիքի Vivement Dimanche հաղորդման ժամանակ, Ազնավուրը խոսել է Ցեղասպանություն բառի մասին և ասել հետևյալը.
«Դա մի բառ է, որ խանգարում է, որն ի վերջո ինձ խանգարում է: Այն, ինչ հիմա կասեմ, գուցե որոշ հայերի կհանի իմ դեմ, բայց դա սարսափելի չէ: Եթե իսկապես թուրքերն այնքան պարկեշտություն ունենան ասելու, որ Ցեղասպանություն բառն է, որն իրենց խանգարում է, մենք մի այլ բառ կգտնենք, որպեսզի սահմանները բացվեն, և որ թուրքական կառավարությունը, չեմ ասում թուրքերը, այլ թուրքական կառավարությունը մտածի երկխոսություն սկսել մեզ հետ»:
- «Ի՞նչ բառ էր օգտագործվում ցեղասպանություն բառի հորինումից առաջ` հայերի կոտորածնե՞ր, օգտագործենք կոտորածներ բառը ուրեմն։ Եթե թուրքերը չեն ուզում ընդունել ցեղասպանությունը, ապա թող ընդունեն գոնե հայերի կոտորածները։ Արդեն մեծ քայլ արած կլինենք, եթե կարողանանք դրան հասնել»։



«Հիմա հարց եմ ուղղում թուրքերին՝ եթե դա Ցեղասպանություն չէ, մի ողջ ժողովրդի ոչնչացում չէ, ապա ի՞նչ է։ Ողջ այս ընթացքում ի՞նչ անվանում եք տվել այդ երևույթին։ Ինչպե՞ս է այդ իրավիճակն անձամբ բնութագրել Աթաթուրքը։ Իմ ուզածը հետևյալն է՝ նախքան Ցեղասպանության եզրույթը շրջանառության մեջ դրվելն ինչպե՞ս են որակել այդ իրադարձությունը՝ կոտորա՞ծ, հայերի կոտորա՞ծ։ Եթե չեք ցանկանում օգտագործել Ցեղասպանություն եզրույթը, գոնե ընդունեք՝ դա կոտորած է։ Իսկ եթե հնարավոր լինի հասնել դրան, կարծում եմ՝ մեծ տարածություն հաղթահարած կլինենք»,– ասել է Շառլ Ազնավուրը։
Ընդգծելով, որ Հայաստանն առաջ չի կարող շարժվել՝ կենտրոնանալով Ցեղասպանություն եզրույթի վրա աշխարհահռչակ շանսոնյեն ասել է. «Հայաստանը լուրջ վտանգի տակ է և բոլորը կենտրոնացած են Ցեղասպանություն եզրույթի վրա։ Չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես է հնարավոր նման պայմաններում Հայաստանը տանել առաջ։ Այդ տրամաբանությունը մեզ ո՞ւր է հասցնելու։ Որտե՞ղ են ինձ նման տեսակետների համար քննադատողները։ Ի՞նչ են անում Հայաստանին օգնելու համար։ Երբ են գումար ուղարկում Հայաստանի՞ն։ Մի՞թե նրանք են ինձ դասեր տվողները։ Այդ ես պետք է նրանց դասեր տամ։ ԱՄՆ–ում թեմայի առնչությամբ խոսեցի մի հայ փաստաբանի հետ, որի գրասենյակում աշխատում են նվազագույնը 300 փաստաբաններ։ Նա էլ էր մյուսների նման մտածում։ Սակայն երբ նրան ներկայացրի իմ տեսակետը, ասաց, որ ես իրավացի եմ»։

«Այդպես հաջողության չենք կարողանալու, երբեք չենք կարողանալու հասնել: Մեր թշնամիներն իրենց փրկելու համար սպասում են այն մարդկանց մահվանը, ովքեր դեռևս իրենց հիշողություններում կրում են դա։ Ո՞ր երկիրն է իրեն զոհաբերելով  պաշտպանում մեզ։ Ոչ մի։ Ֆրանսիան ինչ ճանաչելու էր, ճանաչել է, ավելի առաջ չի գնում։ Ոչ մի երկիր մեզ չի աջակցելու։ Երբեք։»,- Les Nouvelles d’Armenie ամսագրին տված հարցազրույցում ասել է Ազնավուրը:


«Մինչ կենտրոնանում ենք «ցեղասպանություն» եզրույթի վրա, Հայաստանը լուրջ վտանգի տակ է. օրեցօր դատարկվում է։»

«Այնտեղ մարդկանց օգնելու համար ոչինչ չի արվում։ Ընդհակառակը` մաֆիայի անդամների մասին սարսափելի պատմություններ գիտեմ: Այնպես են անում, որ գյուղացին սոված մնա իր իսկ հողի վրա։ Մաֆիայի այդ անդամներին պետք է գնդակահարել։ Այդպես այլևս չի կարող շարունակվել։ Գնացե'ք ձեր մաֆիան ուրիշ երկրներում հիմնեք, դա մի' արեք ձեր երկրում, ձեր ժողովրդի դեմ»,- շեշտել է Ազնավուրը:


«Այսօր հեղափոխություն անող արաբների երազանքը քեմալիստական մոդելին համապատասխան կառավարություն ունենալն է։ Իսկ դա ջուր է լցնում թուրքերի ջրաղացին, ովքեր շարունակում են հարստանալ։ Թուրքիան նույնիսկ անդամակցում է G20–ին։ Հիմա արդեն Եվրամիությանն անդամակցելու խնդիր էլ չունեն։ Իսկ Հայաստանը տառապում է, Հայաստանն օրեցօր դատարկվում է։ Իսկ ու՞մ է ձեռնտու դա։ Մաֆիայի մի քանի պարագլուխների՞։ Հազարավոր դժբախտ մարդիկ տարածվելու են աշխարհով մեկ։ Եվ մենք հիմա թուրքերի դեմ ենք դուրս եկել և կենտրոնանում ենք Ցեղասպանություն եզրույթի վրա՞»։

«Ես ուզում եմ, որ այնտեղ` երկրում, որն արդեն մեռնելու վրա է, իմ ժողովրդի համար մի բան տեղի ունենա: Որքա՞ն են այնտեղ: Ինձ ասում են` 2,3 մլն: Իշխանությունները մատնացույց են անում 3,6 մլն: Բայց դա ճիշտ չէ:

Շատ կարճ ժամանակում նրանց թիվը կդառնա 1 մլն 800 հազար: Եվ կիջնենք մինչեւ 1 մլն բնակչություն` մաֆիոզների ձեռքում: Այդ պարագայում պետք է հույսներս չինացիների վրա՞ դնենք երկիրը վերաբնակեցնելու համար:»


Որոշ տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները հնարավորություն են փնտրում  հարցազրույցի սկանդալային գնահատականները մեղմացնելու համար, «ցանկանում են այնպես կազմակերպել, որ իր հայտարարությունների համար պարզաբանումներ տա երեկ Հայաստան ժամանած Ազնավուրն ինքը»,- վկայակոչելով իր աղբյուրները գրում է «168 ժամ» -ը։
-------------------------------------------------------------------------------------------
Հարցազրույցը  ամբողջությամբ.
http://www.1in.am/arm/armenia_interview_37227.html

Հարկավոր է, որ Հայաստանը փոխի իր մտածելակերպը. Ազնավուր

Այս ցնցող հարցազրույցում երգիչը, դեմ է դուրս գալիս բոլոր կարծրատիպերին, այդ թվում « ցեղասպանություն » տերմինի շուրջ մղվող պատերազմին, ինչը սառեցնում է հարաբերությունները Թուրքիայի հետ և վնաս է հասցնում Հայաստանի շահերին:

Ցնցող խոսքեր, որոնք պարզաբանում և ավելի վառ են դարձնում սեպտեմբերի 4-ին ֆրանսիական հեռուստատեսության « Vivement dimanche » հաղորդաշարին տրված հարցազրույցում արտահայտած մտքերը: Ինչպես նաև ձեռք է պարզում թուրքական կառավարությանը: Կգտնվի՞ որևէ մեկը` այն բռնելու համար:

Նովել դ’Աղմենի ամսագիր /Nouvelles d’Arménie Magazine (NAM): Դուք նոր ընկերներ ձեռք չբերեցիք « Vivement dimanche »-ին տված ձեր հայտարարություններով:

Շարլ Ազնավուր: Ես արդեն սկսել եմ զզվել այս ամենից: Մենք երբեք չենք շահի գործը: Մեր թշնամիները սպասում են, որ բոլոր նրանք ովքեր դեռ հիշողության ունեն, մահանան, և այսպիսով կարողանան խնդրից դուրս գալ: Ո՞ր երկիրն է պաշտպանում Հայ դատը: Ոչ մեկը: Ֆրանսիան ճանաչեց այն, ինչ պետք է ճանաչեր, ոչ ավելին: Ոչ մի երկիր մեզ ընդառաջ չի գալու, երբեք: Ավելին, արաբները, ովքեր հեղափոխություն են անում, երազում են ունենալ քեմալական նմուշի կառավարություն: Դա ջուր է լցնում թուրքական ջրաղացին, նրանք գնալով հարստանում և էլ ավելի մեծ դիրքեր են գրավում: Նրանք արդեն մեծ քսանյակի անդամ են և այլևս անգամ ջանք չեն գործադրում Եվրամիություն մուտք գործելու համար:

Այս ու՞ր ենք գնում: Եվ այդ ընթացքում Հայաստանը տառապում է. ամեն օր, օր օրի Հայաստանը դատարկվում է: Շատ չի անցնի, երբ Հայաստանը կդառնա մի դատարկ խեցի…Ո՞ւ մ է դա ձեռնատու: Ընդամենը երեք մեծահարուստ ավազակի՞, երեք մաֆիոզի: Իսկ հարյուր հազարավոր խեղճ մարդիկ ցրված աշխարհով մեկ… Այս ամենն ինձ մտահոգում է և անհանգստացնում: Եվ այսքանից հետո ոմանք դեռ մնում են կենտրոնացած «ցեղասպանություն» բառի վրա՞, որը Թուրքիան վիճարկում է: Ես ցանկանում եմ հարցս ուղղել թուրքերին. եթե դա ցեղասպանություն չէ, ապա ինչպե՞ս կանվանեք մի ողջ ժողովրդի ոչնչացում: Ինչպե՞ս եք դուք ինքներդ ձեր մեջ դա անվանել տարիներ շարունակ: Ի՞նչ բառով է Աթաթուրքը որակել կատարվածը: Դա եմ ցանկանում. իմանալ ինչպես են դա անվանել « ցեղասպանություն » բառը հորինելուց առաջ: «Կոտորա՞ծ: Հայերի ջա՞րդ» Այսպիսով, եթե դուք չեք ցանկանում օգտագործել « ցեղապանություն » բառը, խոստովանեք գոնե որ դա կոտորած է: Երբ կհասնենք դրան, մեծ քայլ արած կլինենք: Հայաստանը լուրջ վտանգի մեջ է, իսկ մարդիկ կենտրոնանում են միայն « ցեղասպանություն » բառի վրա: Ես չեմ հասկանում ինչո՞վ է դա օգնելու երկրի առաջընթացին: Ու՞ր է մեզ տանում այդ տրամաբանությունը: Բոլոր նրանք, ովքեր ինձ քննադատում են նման մտքեր արտահայտելու համար, որտե՞ղ են նրանք: Ի՞նչ են նրանք անում Հայաստանին օգնելու համար: Ո՞ր պահին են նրանք գումար ուղարկում: Եվ դեռ ցանկանում են ինձ դասե՞ր տալ: Այդ ես պետք է նրանց դաս տամ: Ես այդ մասին խոսել եմ Ամերիկահայ մի իրավաբանի հետ, որն ունի 300 մասնագետից բաղկացած փաստաբանական գրասենյակ: Նա մյուսների պես էր մտածում: Բայց երբ ես նրան բացատրեցի իմ տեսակետը, նա համաձայնեց ինձ հետ: Ես քաղաքական գործիչ չեմ, ես քաղաքականությունից շատ բան չեմ հասկանում, բայց մի բան ես հաստատ գիտեմ. մենք ունենք մի դժբախտ երկրի փոքր կտոր, որը երկրորդ անգամ է մահանում: Իսկ մարդիկ դեռ տերմիններից են խոսում…

NAM: Այնուամենայնիվ դուք ձեզ շատ ակտիվ դրսևորեցիք այդ խնդրի քննարկման հարցում, մասնավորապես պաշտպանելով Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման հարցը ֆրանսիական Սենատի առջև: Դուք խոսեցիք Սենատի առաջ…

Շ. Ազնավուր: Ի՞նչ օգուտ:

NAM: Դուք մասնակցել եք ցույցերին…

Շ. Ազնավուր: Ի՞նչ օգուտ:

NAM: Դուք հոդվածներ եք տպագրել թերթերում…

Շ. Ազնավուր: Ի՞նչ օգուտ: Դա մեզ ինչի՞ հանգեցրեց, ի՞նչ տվեց: Եթե մետրերով չափենք իրերի իրական վիճակը և սկսենք Ա կետից, քանի՞ միլիմետր ենք առաջ շարժվել: ԶՐՈ:

NAM: Դուք իսկապես կարծում եք, որ առաջ չե՞նք շարժվել:

Շ. Ազնավուր: Չենք շարժվել և չենք շարժվելու: Երբեք: Ինձ պարբերաբար հրավիրում են Թուրքիա: Նույնիսկ Թուրքիայի արտգործնախարարն ինձ հրավիրեց անցկացնել արձակուրդս իր տանը. Ուրեմն եկեք պայմանավորվենք և որոշենք թե ինչ պետք է նրանցից պահանջենք: Բայց մենք չպետք է քաղաքական խաղ խաղանք այս կամ այն կողմի շահերը պաշտպանելով: Ինչ վերաբերում է ինձ, ապա այն հարցը, թե ով է լինելու ՀՀ հաջորդ նախագահը, ինձ բացարձակապես չի հուզում: Ես միայն մի բան եմ ցանկանում, որ սահմանները բացվեն և այս երկիրը կարողանա մի փոքր շունչ քաշել:

NAM: Դրանով դուք աշխարհի՞ն եք դիմում:

Շ. Ազնավուր: Այո: Ես միշտ լավն եմ խոսում թուրքերի մասին: Ես կարծում եմ, որ նրանք հետաքրքիր ժողովուրդ են: Չկա ոչ մի թուրքաբնակ հայ, որ ասի, որ չի սիրում թուրքերին: Հնարավոր է, որ դուր չգա նրանց վերաբերմունքը, նրանց քաղաքականությունը, բայց ոչ ժողովուրդը որպես այդպիսին: Իմ նպատակն է խթանել առաջընթացը:

NAM: Այնուամենայնիվ դուք հիասթափված չե՞ք 2009 թվականին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների խախտումից:

Շ. Ազնավուր: Դրանք մի երեկո ստորագրվեցին, հաջորդ օրը արժեզրկվեցին: Ես հիասթափված չէի, քանի որ գիտեի, որ ամեն ինչ հենց այդպես է լինելու: Ինչու՞: Որովհետև թուրքերի հետ ոչ մի պայմանագիր երբևէ չի վավերացվել: Միշտ լինում է մի այնպիսի պահ, երբ նրանք ետ են կանգնում և այլս ոչինչ հնարավոր չէ անել: Նրանց ներկայիս ռազմավարական դիրքը նպաստում է այդ տենդենցին: Նրանք իրենց ուժեղ են զգում և հետևաբար ավելի ու ավելի քիչ են հակված զիջումների: Այսպիսով, ի՞նչ անենք: Ես անձամբ կողմ եմ ոչինչ չանելուն: Բայց ինձ վրա այլևս հույս մի դրեք… ամենևին: Ես զզվել եմ: Ես չեմ ուզում անիմաստ ջանք թափել: Թուրքերն այն ժողովուրդն են, որոնց միշտ քարոզել են կեղծ ճշմարտություններ: Նրանց սուտ բաներ են սովորեցրել: Ուրեմն սկսենք նրանց այդ թյուր տեղեկություններից, և նրանց հակառակը սովորեցնենք:

NAM: Պետք է բավականաչափ խելացի լինել երկու կողմերի համա՞ր էլ:

Շ. Ազնավուր: Պարզապես խելացի գործել է պետք: Նախաձեռնությունը սեփական ձեռքը վերցնել: Իմ հերթին ես ձեզ մի հարց տամ. արդեն որքա՞ն ժամանակ է, որ թուրքերը մեր տարածքներում են ապրում: Ես չեմ խոսում այն ամենի մասին, ինչ կատարվել է դրանից հետո…միայն առաջ:

NAM: Դարեր: Մոտավորապես հազար տարի...
Շ. Ազնավուր: Գերմանացիները այլևս չեն պահանջում Էլզաս-Լոթարինգիան, իսկ մենք (franciatsineres) էլ չենք հիշում Ռուռը: Պետք է խելացի լինել և հասկանալ իրերի իրական կողմը: Ես ավելի հեռու եմ գնում: Նույնիսկ եթե նրանք մեզ վերադարձնեն այդ տարածքները, ո՞վ է գնալու այդտեղ ապրի: Ոչ ոք: Խելամիտ լինենք: Հաշվարկենք ամեն ինչ:

NAM: Բայց դուք չեք կարծում, որ հայկական իշխանությունները քաջատեղյակ են իրավիճակին և լավ գիտեն թե ինչ են անում:

Շ. Ազնավուր:Ես չգիտեմ: Հաջորդ անգամ կխոսեմ այդ մասին նրանց հետ: Ես չեմ ցանկանում որևէ քայլ անել առանց նրանց կարծիքը հաշվի առնելու: Բայց կարծում եմ նրանց համար առաջնայինը սահմանների բացումն է: Դրսում բառերի պատերազմ է, իսկ ներսում մարդիկ տառապում են:

NAM: Ներեցեք ինձ, բայց չե՞ք կարծում, որ հայերի արտագաղթի հիմնական պատճառը պարզապես գոյություն ունեցող համակարգն է, որը հույս չի ներշնչում ժողովրդին: Եվ սա դեռ առանց հաշվի առնելու Ղարաբազյան հարցը: Այս հարցում էլ պե՞տք է զիջումների գնալ:

Շ. Ազնավուր: Իհարկե: Ոչինչ չի արվում մարդկանց օգնելու համար: Ընդհակառակը: Ես մաֆիոզական պատմություններ գիտեմ, որոնք անտանելի են: Մարդիկ այն վիճակի են հասել, որ գյուղացիները սովամահ են լինում սեփական հողի վրա: Մաֆիայի այդ ներկայացուցիչներին պետք է գնդակահարել: Ուրիշ ճար չկա: Դուք ցանկանում եք մաֆիոզ լինե՞լ. գնացեք և ուրիշ երկրում մաֆիա ստեղծեք: Շատ երկրներ կան, որոնք ձեզ կընդունեն: Բայց մի ստեղծեք մաֆիա ձեր տանը, ձեր սեփական ժողովրդի գլխին:

NAM: Բայց հայկական հարցի վերաբերյալ ո՞րն է ձեր տեանկյունը:

Շ. Ազնավուր: Ես համաձայնություն եմ ուզում: Ես ցանկանում եմ, որ թուրքերը ճանաչեն տեղի ունեցածը: Բայց ես թքած ունեմ « ցեղասպանություն » բառի վրա: Ի՞նչ կտա մեզ, եթե նրանք օգտագործեն այդ բառը: Թող ճանաչեն կոտորածը: Ժամանակին հենց դա էին ասում: Բոլորը խոսում էին կոտորածից… Եվ հանկարծ միանգամից, 50-ական թվականներից սկսեցին կենտրոնանալ « ցեղասպանություն » բառի վրա, ինչը շատ դժվար է ընդունել, նույնիսկ երբ այն համապատասխանում է իրականությանը:


NAM: այնուամենայնիվ

Շ. Ազնավուր: Նրանք չեն ցանկանում ընդունել այն փաստը, որ որոշել են վերացնել մի ողջ ժողովուրդ: Ուրեմն պետք չէ մոռանալ այն ինչ տեղի է ունեցել. Բայց հարկավոր է այսուհետ գնալ դեպի հուսալին, դեպի հույսը: Սահմանակից թուրքերը հայերին դեմ չեն: Դիարբեքիրի քաղաքապետը բացահայտորեն հայտարարեց, որ պետք է ճանաչել ցեղասպանությունը: Կան կարևոր մարդիկ, որոնք բավականին հետաքրքիր բաներ են ասում, բայց կան նաև այնպիսիները, որոնք հակառակն են ասում: Կարևորն այն է, որ թուրք ժողովուրդը քայլեր է անում, ինչպիսին արեց Հրանտ Դինքի թաղման ժամանակ:

NAM: Իսկ Ղարաբաղյան հարցի վերաբերյալ ի՞նչ եք մտածում: Այդ կողմից Հայաստանին ավելի շատ վտանգ է սպառնում, քան Թուրքիայի կողմից: Ի՞նչ եք դուք առաջարկում:

Շ. Ազնավուր: Դա ընդհանուր փաթեթի մի մասն է: Դա նորմալ է: Ուղղակի պետք է ազնիվ լինել. Արդյո՞ք Ղարաբաղը պատկանում էր ադրբեջանցիներին մինչև Ստալինի նվիրաբերությունը: Մյուս կողմից արդյո՞ք Ղարաբաղը Հայաստան է: Ոչ, դա ինքնավար երկիր է: Ճի՞շտ է, թե ոչ:


NAM: Այսինքն, այստեղ նույնպե՞ս պետք է նահանջել:

Շ. Ազնավուր:Ոչ, բայց պետք է ընդունել, որ Ղարաբաղը առանձին երկիր է, ինչպիսին Ադրբեջանը և Հայաստանը: Միգուցե ես ուտոպի՞ստ եմ:


NAM: Դուք համաձայնեցնու՞մ եք հայկական իշխանությունների հետ, երբ նման դիրքորոշումներ են արտահայտում:

Շ. Ազնավուր:Երբ ես զրուցում եմ հայկական իշխանությունների հետ, նրանք ինձ միշտ ասում են, որ ես իրավացի եմ: Բայց նրանք ոչինչ չեն անում: Նույն բանն է նաև Ֆրանսիայում: Իշխանությունների հետ անիմաստ է խոսել: Ինչպիսին էլ նրանք լինեն:Ես չեմ կարծում, որ Ֆրանսիան ինչ որ բան կանի մեզ համար: Ամեն ինչ անօգուտ է, քանի որ Թուրքիան շատ կարևոր երկիր է Ֆրանսիաի համար: Հնարավոր չէ անտեսել Թուրքիային: Ֆրանսիայում մարդիկ իրենց շատ ուժեղ են կարծում, բայց երբ գալիս է ընդունելու ժամը, ամեն ինչ փոխվում է: Ֆրանսիան Հայաստանի համար ոչինչ չի անի: Արդեն 90 տարի է, որ սպասում ենք որևէ քայլի: Գրքեր են գրվել, տարբեր բնագավառի մարդիկ են ելույթ ունեցել հայկական հարցի օգտին, սակայն դրանից ոչինչ չի փոխվել: Իսկ դուք սպասում եք, որ այսօր հրաշքներ կկատարվե՞ն, երբ կան բացառիկ խոչընդոտներ, որոնք խանգարում են հայկական հարցին: Կարելի է ուտոպիստ լինել, բայց շատ երազել հարկավոր չէ: Ես չեմ երազում: Իմ կյանքն ապացուցում է, որ ես չեմ երազել երբևէ: Ես աշխատել եմ: Ես քաղաքական գործիչ չեմ: Ես այդչափ խելամտություն և զարգացվածություն չունեմ, որպեսզի հաստատեմ այն ամենն ինչի մասին խոսում եմ: Բայց ես սրտանց եմ խոսում, որովհետև ես այդպես եմ մտածում:


NAM: Դուք միշտ հետաքրքրվու՞մ եք քաղաքականությամբ:

Շ. Ազնավուր: Ես հետաքրքրվում եմ քաղաքական գործիչներով, լինեն տղամարդ, թե կին, և սպասում, թե ինչ են նրանք անելու: Խոստումներ…խոստումներ….Երեկ իմ համերգին ներկա էր իմ ընկեր Բեզանսենոն: Ես նրան հարգում եմ , սիրում եմ: Նա անկեղծ է: Նա աշխատում է զօր ու գիշեր իր ելույթների վրա: Մյուսների մասին ոչինչ չգիտեմ: Նրանց համար այդ ելույթները գրվում են:



NAM: Դուք գո՞հ եք ձեր համերգային նոր շրջանից:

Շ. Ազնավուր: Ես շատ գոհ եմ: Ես շատ մարդկանց ցույց տվեցի իրենց տեղը: Նրանք, ովքեր վատ բաներ էին գրում իմ մասին, հիմա դեռ փոքր վերապահումներով են ինձ վերաբերվում, թեև գնալով ավելի քիչ վերապահումով: Միևնույնն է, նրանք ինձ երբեք չեն ների իմ հաջողությունների համար: Կներեն միայն երբ մահանամ: Բայց ես դեռ չեմ պատրաստվում մահանալ: Լսեք ինձ, Արա: Ես ցանկանում եմ, որ Հայաստանում որևէ բան արվի իմ ժողովրդի համար, այն ժողովրդի համար, որը կամաց-կամաց մահանում է: Որքա՞ն են նրանք մնացել: Ինձ ասում են 2,3 միլիոն: Իշխանությունները նշում են 3,6 միլիոն, բայց սուտ է: Շատ ժամանակ չի անցնի, երբ այդ թիվը կհասնի 1,8 միլիոն, հետո էլ կհասնենք 1 միլիոնի, այն, ինչ կմնա մաֆիայի ձեռքում: Ու՞մ վրա ենք հույսներս դնելու մեր երկրի բնակեցման հարցում. չինացիների՞: Ես ցանկանում եմ, որ ամեն մի հայ ինքն իրեն տա այդ հարցը. ինչ եմ ես անում իմ պապերի հողի համար, ի՞նչ եմ ես անում սա մերժելով, կամ մյուսն ընդունելով: Եվ նա կհասկանա, որ ոչինչ չի անում: Ինչպես տեսնում եք ես շատ հարցեր բարձրաձայնող մարդ եմ:


NAM: Իրականում այն ինչ դուք ցանկանում եք, դա հայ ժողովրդին ուշքի բերե՞լն է:

Շ. Ազնավուր: Հարկավոր է նրան ուշքի բերել, թուրքերին նույնպես: Ամեն ինչ մեր երկու ազգերի մեջ է որոշվելու, եթե մենք բարի կամքի տեր մարդիկ ենք:


NAM: Բայց դուք կարծես «բռնաբարում» եք հայերին: Դուք դա գիտակցու՞մ եք:

Շ. Ազնավուր:Ես իմ ողջ կյանքի ընթացքում «բռնաբարել» եմ իմ հանդիսատեսին: Ինչու՞ պետք է նույն կերպ չվարվեմ իմ հարազատ ժողովրդի հետ: Մի օր իմ քույրն ինձ ասաց. Դու կարծում ես, որ որևէ մի թուրք կարող է քեզ սպանե՞լ: Իսկ ես կարծում եմ, որ հայը նույնպես դա կարող է անել, նույն պատճառներով: Ես ռիսկի եմ դիմում: Դա իմ ոճն է: Եվ եթե սկսում եմ բարձրաձայնել, ուրեմն կբարձրաձայնեմ մինչև վերջ: Միգուցե ես սխալվու՞մ եմ: Ուրեմն թող ինձ լուծում առաջարկեն, այլ ոչ թե չգիտեմ թե ինչ: Ոչ մի բողոք, և ոչ մի տաբու: Մի օր ես խոսեցի մուսուլմանացված հայերի խնդրի մասին ՀՀ նախագահի հետ և նրան ասացի, որ պետք է մի բան անել: Այդ մարդիկ դժբախտ են, քանի որ ընդունված չեն ոչ մի կողմից (ոչ թուրքերի, ոչ հայերի). Պետք է նրանց օգնել: Մենք իսլամին դեմ չենք, մենք վեց հիասքանչ մսկիթ ունենք Հայաստանում, որոնք պահպանվել են ի հեճուկս Ստալինի` դրանք քանդելու հրամանին: Իրանն ամեն ինչ անում է դրանք վերանորոգելու համար: Մենք ազգ ենք, իսկ ազգը բնականաբար բաղկացած է տարբեր մարդկանցից. լավ կամ վատ, տարբեր կրոններից. քրիստոնյա, հրեա, մուսուլման, դա նորմալ է: Հարկավոր է, որ Հայաստանը փոխի իր մտածելակերպը և ընդունի տարբեր հավատքի հայերին, ինչպես Եվրոպան է ընդունում տարբեր հավատքի մարդկանց:


NAM: Դուք ճանաչում եք ՀՀ երեք նախագահներին: Դուք կարո՞ղ եք մեզ հետ խոսել նրանց մասին:

Շ. Ազնավուր: Ոչ դա իմ գործը չէ: Նրանք բարի կամքի տեր մարդիկ են, բայց երբեմն իրավիճակները փոխում են կամքը …Ամեն դեպքում երբեք ոչ մի նախագահ ինձ չի ասել « ոչ »: Ավելի լավ կլիներ երևի, որ ասեին: Արա, այսօր ի՞նչ է նշանակում լինել հայ: Ես կուզենայի իմանալ: Ի՞նչ է նշանակում լինել սփյուռքահայ: Լավ ուտե՞լ, լավ խմե՞լ, սեփական խանութն ունենա՞լ և ցեղասպանության մասին խոսե՞լ: Դա է նշանակում լինել հա՞յ: Դա շատ քիչ է:

Հայերեն թարգմանությունը` Հասմիկ Այվազյանի



Post a Comment