26 November 2011

Նոյեմբերի 25 -ի ՀԱԿ հանհրահավաքը:


 ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ 2011 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ
 /վիդեո/
Անդրադառնալով ներկա պաշտոնանկություններին և հրաժարականներին առաջին նախագահը մասնավորապես ասաց.- «Ոչ ոք, իհարկե, լուրջ չի կարող ընդունել այն, թե այդ պաշտոնանկություններն ու քրեական հետապնդումները տեղի են ունենում խնդրո առարկա անձանց վատ աշխատանքի կամ նրանց կողմից թույլ տրված օրինազանցությունների պատճառով, որովհետեւ բոլորի համար էլ պարզ է, որ նրանք պատժվում են կա՛մ սեփական խաղեր տալու, կա՛մ էլ գողական աշխարհի կանոնները խախտելու, այն է՝ վերադասին բաժին չհատկացնելու կամ «օբշագից» իրենց իրական եկամուտները թաքցնելու պատճառով։»
ՀԱԿ առաջնորդը իր ելույթում հետաքրքիր հայտարարություն արեց ԲՀԿ մասին.-«եթե պարզվի, որ Բարգավաճ Հայաստանն անկեղծորեն մտադիր է դուրս գալ կոալիցիայից եւ պայքարել իրապես արդար ու օրինական ընտրություններ անցկացնելու համար, ապա, իմ կարծիքով, Հայ Ազգային Կոնգրեսն այդ պարագայում պետք է պատրաստ լինի լրջորեն քննարկել նրա հետ համագործակցելու հնարավորություններն ու հեռանկարները։ Այդ համագործակցությունը կարող է ունենալ տարբեր դրսեւորումներ, որոնք կհստակեցվեն քննարկումների ընթացքում, բացառելով միայն միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու տարբերակը։»


ՀԱԿ -ի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա 2012 թ. փետրվարին:

Լևոն Տեր-Պետրոսյանը հաջորդ հանհրահավաքի մասին ասաց. -


«Նկատի ունենալով ձմռանը հատուկ դժվարությունները, հաջորդ հանրահավաքը, բնականաբար, տեղի կունենա փետրվարին։ Նրա անցկացման կոնկրետ օրը, իրադարձությունների զարգացմանը համահունչ, ձեզ կհայտարարվի լրացուցիչ։ Բայց քանի որ, ինչպես արդեն նշել եմ, միապաղաղ թվացող իրավիճակը կարող է փոխվել ցանկացած պահի՝ կապված ոչ միայն հավանական, այլև բոլորովին անսպասելի որևէ իրադարձության հետ, ուստի բացառված չէ, որ հաջորդ հանրահավաքը տեղի ունենա նույնիսկ ավելի վաղ»:
Հանհրահավաքում Լ. Զուրաբյանի կողմից կարդացվեց, քվեարկության դրվեց և ընդունվեց


Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իրավաքաղաքական հիմքերի հռչակագիրը


Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 57-րդ հոդվածի առաջին մասի hամաձայն ՝ «Հանրապետության Նախագահը կարող է պաշտոնանկ արվել դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար»։

Ծանր հանցագործության սահմանադրական հասկացությունը ներառում է իշխանության յուրացումը (Հոդված 2), ինչպես նաև պաշտոնավարող նախագահի կողմից սահմանադրական լիազորությունների չարաշահումը և չկատարումը, որոնք հանգեցրել են սահմանադրական կարգի խաթարմանը, իշխանությունների բաժանման և հավասարակշռման սահմանադրական սկզբունքի խախտմանը (Հոդված 5)։

Ըստ այսմ՝ առկա են Ս. Սարգսյանի պաշտոնանկության հետևյալ հիմքերը.

Վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանը չարաշահել է պաշտոնական դիրքը՝ դիմել ընտրակեղծիքների կազմակերպման, այլ հակաօրինական գործողությունների և այդ կերպ կատարել իշխանության յուրացում: Մասնավորապես, Ս. Սարգսյանը

1. Խախտել է Ընտրական օրենսգրքի 78.1 հոդվածի պահանջը, ըստ որի` ՀՀ վարչապետը չի կարող պաշտոնավարել` միաժամանակ լինելով նաև ՀՀ նախագահի թեկնածու՝ բացառությամբ այն դեպքի, երբ վարչապետը նաև Հանրապետության նախագահի պաշտոնակատար է։ Ս. Սարգսյանը, նախագահի թեկնածու գրանցվելու պահից, կոպտորեն խախտել է օրենքի այս պահանջը՝ ընտրարշավի ողջ ընթացքում օգտագործելով պաշտոնական դիրքի առավելությունները։ Դրանով նա ոտնահարել է սահմանադրական նորմը ընտրությունների հավասարության մասին (Հոդված 4)։

2. Չարաշահելով պաշտոնական դիրքը` օգտագործել է պետական իշխանության լծակները, համակարգել է իր կողմից ստեղծված նախընտրական շտաբում ընդգրկված պաշտոնյաների ադմինիստրատիվ և քրեա-օլիգարխիկ ռեսուրսները, կառավարության մեջ մտնող կամ նրա վերահսկողության տակ գործող ուժային և այլ կառույցները` նրանց միջոցով քվեարկության օրը կատարելով համատարած ու բացահայտ բռնություններ, ահաբեկումներ, ընտրակաշառքի բաժանում, լցոնումներ, հօգուտ իրեն ձայների հավելագրումներ, ապօրինություններ ու կեղծիքներ։ Դրանով նա խախտել է ընտրությունների ազատ լինելու մասին սահմանադրական դրույթը (Հոդված 2)։

3. Որպես վարչապետ և խորհրդարանում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի ղեկավար` աջակցել է ապօրինի արտակարգ դրության հայտարարմանը և վավերացմանը, Մարտի 1-ին խաղաղ ցուցարարների դեմ բանակի ներգրավմամբ և հրազենի օգտագործմամբ բռնի ուժի կիրառմանը, ինչի հետևանքով եղավ առնվազն 10 զոհ և հարյուրավոր վիրավորներ։

4. Ղեկավարել է ետընտրական շրջանում ստեղծված ապօրինի շտաբը, որը կազմակերպել է ուժային կառույցների, օլիգարխներին ենթակա խմբերի և կրիմինալ խմբավորումների գործողությունները խաղաղ ցուցարարների դեմ, ներառյալ սպանությունները։

Նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանը կատարել է հետեւալ ծանր հանցագործությունները.

1. Խախտելով դատական իշխանության անկախության սահմանադրական սկզբունքը (հոդված 91), խոչընդոտել է արդարադատությանը, ուղղորդել դատարաններին իր քաղաքական հակառակորդների նկատմամբ զանգվածային բռնաճնշումների, ինչի հետևանքով հարյուրավոր մարդիկ հայտնվել են անազատության մեջ, հազարավոր մարդիկ ենթարկվել են հետապնդումների, ունեզրկման, խտրական վերաբերմունքի, տասնյակ հազարավորների նկատմամբ խախտվել են Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքները, սահմանափակվել ազատությունները։

2. Խոչընդոտել է արդարադատությանը` մարտիմեկյան սպանությունների պարտակման նպատակով, մասնավորապես` լուծարել միջազգային ճնշման տակ ստեղծված Փաստահավաք խումբը` կատարված սպանությունների հանգամանքների մասին իր առաջին զեկույցի հրապարակումից հետո։ Ծանրագույն այս հանցագործության պարտակումը ինքնին ծանր հանցագործություն է ։

3. Չի ապահովել օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը (Հոդված 49)։ Օրենսդիր իշխանությունը կորցրել է ինքնուրույնությունը, դարձել գործադիր իշխանության կցորդը։ Նույն կերպ ոտնահարվել է դատական իշխանության, դատարանների անկախությունը, որոնք վերածվել են գործադիր իշխանության և բարձաստիճան իշխանավորների պատվերների ու հրահանգների կատարման գրասենյակների։

4. Չարաշահելով վարչապետի և նախագահի պաշտոնները` սեփական հարստացման նպատակով օգտագործել է պետական իշխանության լծակները, պահպանել և զարգացրել է իր և իր մերձավոր օլիգարխների համար ապօրինի մենաշնորհների և հարկային ու մաքսային արտոնությունների համակարգը:

5. Հայաստանի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնում դրսևորել է հանցավոր անգործություն, ինչի հետևանքով խաղաղ պայմաններում միայն կանոնադրական փոխհարաբերությունների խախտումների պատճառով սպանվել և զոհվել են հարյուրավոր զինծառայողներ, վատթարացել է բանակի բարոյահոգեբանական վիճակը` վնաս հասցնելով ազգային անվտանգությանը:

2008թ. ռազմական հեղաշրջման միջոցով իշխանության յուրացման և հետագա տարիներին կատարված նորանոր հանցանքների հետևանքով երկիրը մղվել է քայքայման, պետականության վտանգման սահմանագիծ։ Ահագնացող արտագաղթը սպառնում է հանրապետությունում անդարձելի ժողովրդագրական փոփոխությունների, սեփական երկրում հայ ժողովրդի ազգային գոյության ապահովմանը։ Եվ դրա կանխման միակ ձևը Սերժ Սարգսյանի անհապաղ հեռացումն է իշխանությունից։

Ընդունվել է ՀԱԿ` 2011թ. նոյեմբերի 25-ի հանրահավաքում
Հանրահավաքում ելույթներ ունեցան նաև Ս Դեմիիրճյանը, նա ասաց որ ժողովրդի կողմից սպասվող փոփոխություններին այլընտրանք չկա և դա շուտով իրականություն է դառնալու, իշխանությունը երկիրը կանխամտածված տանում է կործանման.- իր ելույթում ասաց Վահագն Խաչատրյանը, ելույթներ ունեցան նաև Ա. Սարգսյանը, Ն. Փաշինյանը:
Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:
Post a Comment