01 March 2012

Իշխանությունները սպանել են մեր երեխաներին:

Կարծում եմ շատ թե քիչ գիտակից մարդու համար պարզ է, որ 2008թ մարտի 1 -ը եւ հոկտեմբերի 27 -ը չեն բացահայտվելու այս իշխանության կողմից, ավելին եթե սրանց իշխանությունը շարունակվի մենք կորցնելու ենք մեր պետությունը: Իրենց անցյալ տարվա վարչապետի կողմից հրապարակած թվերով երկրից հեռացել է մոտ 1 միլիոն 200 հազար մարդ, արտագաղթը չի դադարում, ավելին մարդիկ արդեն ընտանիքներով են հեռանում, գլխավոր պատճառը այն է, որ մարդիկ չեն կարող համակերպվել չընտրված իշխանությունների բեռի տակ ապրելուն, որովհետեւ հոկտ. 27 -ը հանցագործության անպատիժ մնալը ամեն օր նոր հանցագործություններ է ծնում, օրենք գոյություն չունի, ոստիկանությունը կարող է "գործ" սարքել, տեռորի ու շանտաժի ենթարկել ցանկացած բնակչի: Երկիրը փաստացի ղեկավարում են եւ պաշտոնների են նշանակվում հոկտ 27  եւ մարտի 1 հանցագործության մեջ իրենց "լուման" ներդրածներին:
Ներքեւում կարդացեք մարտի 1 զոհվածների, նրանց հարազատների մասին այսօրվա հրապարակումներից.
http://www.tert.am/am/news/2012/03/01/march1/ Մարտի 1-ի զոհերի հարազատների համար իրենց երեխաների սպանությունը վաղուց բացահայտված է
Մարտի 1, 2012 թ.։
«4 տարվա մեջ չբացահայտելով սպանությունները, իշխանություններն ապացուցեցին, որ հենց իրենք են սպանել մեր երեխաներին, մինչդեռ մեզ համար մարտի մեկի սպանությունները վաղուց բացահայտված են»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների զոհ դարձած Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը և հավելեց, որ «եթե նրանք կամք ու ցանկություն ունենային և նրանց մատը խառը չլիներ, ապա հաստատ կբացահատեին, որպեզի մեզ ցույց տային, որ իրոք չեն ուզեցել մեր երեխաների մահը»:


Ալլա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ փաստահավաք խումբը, երբ որոշակի առաջընթաց ունեցավ և գրեթե հասել էր սպանությունների բացահայտմանը, նրանց լուծարեցին:

Նա նշեց, որ կոնկրետ «Չերյոմուխա 7» հատուկ միջոցից սպանվածների գործում ոչինչ չկա բացահայտելու, քանի որ իրենց ամեն ինչ պարզ է: «Կորսված գարունի» (նկատի ունի Տիգրան Պասկևիչյանի ֆիլմը) մեջ ամեն ինչ ասվում է: Անձամբ ես իրենց հրամանատար Բագրատ Խաչատրյանի հարցաքննությունն եմ լսել, որ ասում ա, ես հրաման տվեցի Ավետիք Աթաբեկյանին, նա էլ չգիտեմ ում ասեց, նա էլ խփեց: Այդտեղ կանգնած էր Տիգրան Խաչատրյանը»,- շարունակեց զոհվածի մայրը և մանրամասնեց, թե այս 4 տարիների ընթացքում իրենք որպես զոհերի իրավահաջորդներ, 2008 թվականի հուլիսից այս կողմ երբևէ ՀՔԾ չեն հրավիրվել` գործին ծանոթանալու համար: Բացի այդ ըստ նրա` այս տարի ԵԽԽՎ-ի զեկույցում սպանությունների բացահայտման հետ կապված ոչ մի տող չէր ավելացվել:

Ալլա Հովհաննիսյանի խոսքով`դեռ ավելին` «անշնորհք ձևով զոհերին փորձել են ներկայացնել որպես մեղավորներ: «Մարտի 1-ի քրեական գործը վերահսկող դատախազ Կուրյուն Փիլոյանն առանց ամաչելու «Արմնյուզին» տված հարցազրույցում, ասեց, որ պետք չի խաղաղ ցուցարաններին հավասարեցնել այն մարդկանց հետ, ովքեր այդ պահին գտնվել են սպանության վայրում` Լեո, Պարոնյան փողոցներում, և որ նրանք եղել են անկարգության մասնակիցներ: Այսինքն 4 տարվա մեջ մեր դատախախազությունը և ՀՔԾ–ն զբաղված են, ոչ միայն սպանության բացահայտմամբ, այլ այն կոծկելով և ցանկանալով ինչ-որ մեղադրել ձևով զոհերին»,-ասաց նա:
Տիգրան Խաչատրյանի մայրը նշեց, որ գործը հասցվել է Եվրոպական դատարան և հույս հայտնեց, որ կարճ ժամանակում այստեղից կստատանան բոլոր հարցերի պատասխանները: « Գուցե նրանց չհաջողվի ստիպել դատապարտյալի աթոռին նստացնել մեր երեխանների սպանղներին հրահանգ տվողներին, բայց դրական լուծումներ Եվորդատարանի կողմից սպասում ենք»,-նշեց նա:

Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը, ի տարբերություն Ալլա Հովհաննիսյանի, Եվրոպական դատարանից այդքան էլ սպասելիքներ չունի: Նա կարծում է, որ միակ պատիժը, որ կսահմանվի, դա ընդամենը զոհվածների ընտանիքներին փոխհատուցում նշանակելը կլինի, իսկ իրական մեղավորները ըստ նրա արժանի պատիժ կստատան միայն այս իշխանություների փոփոխությունից հետո: «Սերժ Սարգսյնի այն հայտարարությունը, թե մարտի 1-ի գործին պետք է նոր թափ տալ, ընդամենը շոու էր պրեսկոտներին ու մյուս միջազգային հանրությանը ցույց տալու համար, թե ինչ-որ բան արվում է, այնինչ իրականում հասկանալի է, որ իշխանափոխությունից երկու օր հետո արդեն կարելի է արդյունքի հասնել»,-ասաց նա:

Ըստ Սարգիս Քլոյանի` կոնկրետ իր որդու սպանությունն ինքը վաղուց բացահայտված է համարում: «Իմ տղան հատուկ միջոցների զոհ է, որն օգտագործել են չորս ոստիկան: Գոռ Քլոյանին, Տիգրան Խաչատրյանին և Արմեն Ֆարմանյանին սպանել են «Չերյոմուխա-7» հատուկ միջոցից այդ 4 ոստիկանները»,- ասաց նա:

Tert.am
Մարտի 1-ի զոհերի հարազատների նամակը

«Պրն. Թորբյորն Յագլանդին, ԵԽ գլխավոր քարտուղար
Պրն. Թոմաս Համմարբերգին, ԵԽ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
Պրն. Ժան-Կլոդ Մինյոնին, ԵԽԽՎ նախագահ
Պրն. Անդերս Հերկելին, ԵԽԽՎ Մոնիթորիգի հանձնաժողովի նախագահ
ԵԽԽՎ անդամներին
Հարգելի պարոն / տիկին,
Այսօր լրանում է Մարտի 1–ի ոճրագրոծության չորս տարին: 2008 թ-ի մարտի 1–ին իշխանությունները հրահանգեցին ուժային կառույցների ներկայացուցիչներին կրակ բացել խաղաղ ցուցարարների վրա, որի արդյունքում առնվազն տաս անմեղ մարդ զոհվեց:

Անցած չորս տարիների ընթացքում այս իշխանությունները ամեն ինչ արեցին դեպքերի վերաբերյալ ճշմարտությունը կոծկելու, աղավաղելու, վկաներին լռեցնելու և մարդասպաններին պարտակելու համար: Այս գործընթացում իրենց ակտիվ դերակատարությունն ունեցան Հատուկ քնչական ծառայությունը, դատախազությունը, ինչպես նաև խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը, որի նախապատրաստած զեկույցի ակնհայտ կողմնակալությունը և անարժանահավատությունը արձանագրվեց նաև ԵԽԽՎ-ի կողմից: Ավելին, ՀՔԾ-ն և դատախազությունը բացարձակ ոչ մի բան չանելով սպանությունների բացահայտման համար նաև խոչընդոտեցին և զրկեցին զոհերի հարազատներին դատարաններում խոսքի իրավունքից և գործին իրազեկ լինելու իրավունքից:

ԵԽ մարդու իրավուքների գերագույն հանձնակատարի առաջարկությամբ 2008 թ-ին ձևավորվեց Փաստահավաք խումբը, որտեղ ընդիմության և իշխանության փորձագետների հարաբերակցությունը հավասարակշռված էր, և որի գործունեությունը մեզ հույս ներշնչեց: Սակայն Փաստահավաք խումբը ցրվեց ՀՀ նախագահի կարգադրությամբ հենց այն պահին, երբ իշխանությունները հասկացան, որ այս մարմինը մոտ է Մարտի 1–ի ոճրագրոծության բացահայտմանը:

ԵԽԽՎ համազեկուցողները իրենց պարտականությունները նույնպես պատշաճ չկատարեցին: Բավարարվելով իշխանության խոստումներով և Սերժ Սարգսյանի 2011 թ-ի ապրիլին կատարած հայտարարությամբ նոր թափ հաղորդել սպանությունների բացահայտմանը, որոնք արվում էին միայն Եվրոպայի համար, ԵԽԽՎ-ն, համազեկուցողների առաջարկությամբ, աշնանային նստաշրջանում ընդունեց անընդունելի և ոչ օբյեկտիվ բանաձև, որտեղ խոսվում է Մարտի 1–ի էջը փակելու մասին: Դրանից հետո ՀՔԾ-ն, զգալով բացարձակ անպատժելիություն, հրապարակեց միջանկյալ զեկույց, որտեղ մի տող չկար սպանությունների բացահաըտման մասին: Ավելին, այն ավելի շատ մեղադրական էր՝ անմեղ զոհերին որպես հանցագործ ներկայացնելու փորձ: Հունվարյան այցի ընթացքում մեզ հետ հանդիպելիս պրն. Պրեսկոտը չէր ել ուզում լսել մեր մտահոգությունները, իսկ ասուլիսում ներկայացրեց միայն իշխանության թելադրած տեսակետները:

Այս ամենը հաստատում է այն, որ որևէ հանցագործություն հնարավոր չէ բացահայտել և մեղավորներին պատժել այդ հանցագործությունը հրահանգածների, կատարածների և նրանց մեղսակիցների հետ միայն երկխոսությունների և համագործակցության միջոցով: Նման մոտեցումը անարդյունավետ է և նպաստում է անպատժելության ամրապնդմանը:

Ոստի մենք, զոհերի հարազատներս պահանջում որ Եվրոպական կառույցները հավատարիմ մնալով իրենց գործառույթների սկզբունքներին և ստանձնած պարտավորություններին;
• հորդորեն համազեկուցողներին միջազգային ատյաններում ներկայացնել օբյեկտիվ' այլ ոչ թե մեր իշխանությունների տեսակետներ,
• հետամուտ լինեն Մարտի 1–ի սպանությունների բացահայտմանը, վերջապես ստիպեն Հայաստանի իշխանություններից ստանձնել Մարտի 1–ի ոճրագրոծության պատասխանատվությունը,
• ստիպեն բացահայտել սպանությունները և պատժել մեղավորներին, իրական մեղավորներին որոնց անուններն արդեն երկար ժամանակ հայտնի են հանրությանը:
Պատասխանի և համարժեք քայլերի ակնկալիքով' 2008 թ-ի մարտի 1–ի զոհերի բարեկամներ:

Ալլա Հովհաննիսյան, Տիգրան Խաչատրյանի մայր
Վաչագան Ֆարմանյան, Արմեն Ֆարմանյանի հայր
Էդիկ Հարությունյան, Սամվել Հարությունյանի հայր
Սարգիս Քլոյան, Գոռ Քլոյանի հայր
Ռուզաննա Հարությունյան, Տիգրան Աբգարյանի մայր
Ջեմմա Վարդումյան, Դավիթ Պետրոսյանի մայր
Լիլիյա Մինասյան, Հովհաննես Հովհաննիսյանի կին

Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Post a Comment