27 April 2012

Ի՞նչն է կոնֆլիկտի պատճառը

Ի՞նչն է կոնֆլիկտի պատճառը
«Դեւին հարցնում են` ո՞ւմ հոգին կառնես, ասում է` ինձ հաց տվողի, օձին հարցնում են` իսկ դո՞ւ ում կխայթես, ասում է` տաքացնողին... Թե ինչո՞ւ են ինձ հանել պաշտոնից՝ չեմ կարող ասել, ասում է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կրեմլինա Մկրտչյանը: Ամբողջությամբ կարդացեք sport.news.am  -ում:


Գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կրեմլինա Մկրտչյանը կմնա ղեկավարի պաշտոնում, մնացած հարցերով կզբաղվի միջազգային կարգի մրցավար Գայանե Ներսիսյանը: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցին ասել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Ազարյանը՝ մեկնաբանելով գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում տեղի ունեցած փոփոխությունը:

Օրերս NEWS.am Sport-ի թղթակիցը այցելեց մարմնամարզության ֆեդերացիա՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կրեմլինա Մկրտչյանի հետ գեղարվեստական մարմնամարզության խնդիրների մասին հարցազրույց անելու նպատակով: Ֆեդերացիայում խորհուրդ տվեցին հարցազրույցի համար դիմել ոչ թե Կրեմլինա Մկրտչյանին, այլ մեկ այլ մարզիչի` Գայանե Ներսիսյանին, ով գլխավոր մարզիչից ավելի լավ է տիրապետում մարզաձեւի անցուդարձին ու խնդիրներին:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Գայանե Մկրտչյանը տեղեկացրեց, որ ինքն արդեն զբաղեցնում է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը: Գ. Ներսիսյանը ներկայացրեց հրամանը: Ըստ հրամանի, ապրիլի 19-ին տեղի ունեցած մարմնամարզության ֆեդերացիայի նիստի ընթացքում որոշում է կայացվել գեղարվեստական մարզմնամարզության գլխավոր մարզիչ նշանակել Գայանե Ներսիսյանին: Ստորագրությունը` Ա. Ազարյանի:

Թե ինչպես եւ ինչ պայմաններում է Գայանե Ներսիսյանը փոխարինել երկար տարիներ հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրած Կրեմլինա Մկրտչյանին, փորձեցիքն պարզել հրամանը տվողից` Ալբերտ Ազարյանից, ինչպես նաեւ նախկին եւ ներկայիս գլխավոր մարզիչներից:

Կրեմլինա Մկրտչյանը NEWS.am Sport-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանեք ֆեդերացիայի որոշումը՝ ասաց.

«Դեւին հարցնում են` ո՞ւմ հոգին կառնես, ասում է` ինձ հաց տվողի, օձին հարցնում են` իսկ դո՞ւ ում կխայթես, ասում է` տաքացնողին... Թե ինչո՞ւ են ինձ հանել պաշտոնից՝ չեմ կարող ասել: Այդ հարցի պատասխանը կիմանա Գայանեն… Ես ֆեդերացիայում, ինչպես նաեւ Գայանե Ներսիսյանի հետ ոչ մի կոնֆլիկտ չունեմ եւ չեմ ունեցել: Ուղղակի սխալ մեկնաբանություններ է տրված եղել, սխալ տվյալներ իմ աշխատանքի մասին: Սկզբում ինձ ասացին, որ ինձ նոր օգնական են նշանակում Գայանեին, որպեսզի քիչ վազվզեմ: Եվ իրոք, ես շատ եմ վազվզում աշխատանքի բերումով: Սկզբում դա ինձ համար լավ անակնկալ էր եւ ես առաջարկեցի մեկին, ով իսկապես հավաքական թիմի համար պատրաստված մարզիչ էր: Նրան չհավանեցին: Գայանեին ինձ օգնական նշանակեցին: Մեկ օր անց պարզվեց, որ ոչ թե օգնական են նշանակել, այսինքն` ոչ թե իբր ես շատ չվազվզեմ, այլ… Երեւի ես մեծ ֆինանսական տույժ էի կրում իրենց համար, գուցե կարծել են` ես այդ պաշտոնի համար մեծ գումար եմ ստանում իրենցից: Բայց նման բան չի եղել։ Հակառակը` ես շատ մեծ ծախսեր եմ արել այս մարզաձեւի համար: Օգնականիս նշանակման հաջորդ օրը ինձ զանգահարեց մարզադպրոցի տնօրենը եւ ասաց, որ ֆեդերացիայում ասել են, թե այսուհետեւ իրենք ենթարկվում են Գայանեին: Նա վերջերս է հայտնվել ֆեդերացիայում: Նախկինում ես մարզում էի հավաքականի մարզիչների, նա նույնիսկ այդ մարզիչների շարքում չի եղել: Հավաքականի համար ունենք պատրաստի մարմնամարզուհի – մարզիչներ՝ Հասմիկ Մակարյան, Աննա Աբրահամյան, Մարիա Ոսկանյան: Ես ունեի շատ մարզիչներ, որոնք մեկնել են ԱՄՆ: Ես հայկական գեղարվեստական մարմնամարզության ամբողջ պատմության ընթացքում եղել եմ, կարելի է ասել կյանքս եմ ապրել այս մարզաձեւի հետ»:

Կրեմլինա Մկրտչյանի փոխանցմամբ, նորանշանակ գլխավոր մարզիչին ոչ ոք չի ընդունում:

«Բանն այն է, որ ոչ ոք նրան չի ընդունում: Եթե գաք եւ զրուցեք մեր մյուս մարզիչների, ինչու չէ՝ մարզիկների հետ, կտեսնեք, թե ինչ կարծիք ունեն նրանք այս փոփոխության մասին: Էլի եմ կրկնում, որեւէ կոնֆլիկտ չունեմ Գայանեի հետ: Նրա նշանակման օրը որպես իմ օգնական ներկայացրեցի մրցումների օրացուցային պլանը, թե ինչպես է այն կազմվում, երբ է լինելու Հայաստանի պատանեկան առաջիկա առաջնությունը, ինչ օրակարգով: Ըստ նախնական պայմանավորվածության, Հայաստանի պատանիների առաջնությունը նշանակված է եղել մայիսի 18-ին: Մայիսի 29-ից հունիսի 3-ը մենք ունենք Եվրոպայի պատանիների առաջնություն, եւ Հայաստանի առաջնությունը մայիսի 18-ին նշանակելը տրամաբանական էր։ Նպատակային էի նշանակել մայիսի 18-ին, որպեսզի մարզիկները երկար ժամանակ հանգիստ վիճակում չլինեն մինչեւ Եվրոպայի առաջնությունը։ Լավ մարզավիճակը պահպանելու համար սխալ է: Իսկ Գայանեն արդեն ինքնագլուխ փոխել է առաջնության օրը` մայիսի 1-ին: Նրան ոչ ոք չի ենթարկվում: Ես այս հարցի շուրջ չեմ զրուցել պարոն Ազարյանի հետ: Միայն գիտեմ, որ պարոն Ազարյանը ինձ է ընդունում որպես գլխավոր մարզիչ: Նա հայտարարել է, որ Կրեմլինայից բացի ոչ ոք չհամարձակվի ինձ գրություն բերել: Եթե ինչ-ինչ գրություն էլ ստորագրում է՝ զուտ տվյալ մարդկանց հարգելով: Ես չգիտեմ՝ հրամանը նա է ստորագրել, թե ոչ: Չեմ պատրաստվում նրանից պարզաբանում վերցնել: Շատ շնորհակալ եմ. հոգնել եմ այս իրավիճակից: Սա սպորտ է, պետք է համատեղ աշխատենք»,- ասաց Կ. Մկրտչյանը:

NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցեց նաեւ հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Գայանե Ներսիսյանի հետ: Ի դեպ, Գ. Ներսիսյանը խնդրել էր, մի քանի օր սպասել, մինչեւ իր նոր պաշտոնի հաստատումը, հետո նոր հարցազրույցներում իրեն ներկայացնել որպես գլխավոր մարզիչ:

«Ինձ արդեն կարող եք ներկայացնել որպես գլխավոր մարզիչ: Ամեն ինչ որոշված է: Արդեն ոչինչ փոխել չի լինի: Չգիտեմ` ինչ պայմանով եմ ընտրվել ես, բայց որոշումը ֆեդերացիայինն է, Ալբերտ Ազարյանի ստորագրությամբ: Ես Կրեմլինայի հետ խնդիր չունեմ: Ես չէ, որ պետք է գնահատեմ նրա տարիների աշխատանքը: Նույնիսկ սխալ էլ կլինի: Նա իր կյանքն է ներդրել այս մարզաձեւում, որ կարողացել է պահել մինչեւ այսօր: Նա շատ դժվարությունների միջով է անցել։ Նա հերոս կին է, ով ամբողջ կյանքում պայքարել է գեղարվեստական մարմնամարզության պահպանման եւ զարգացման համար: Պետք է փորձեմ պահպանել նրա դրած ավանդույթները, բարձրացնեմ մարզաձեւի մակարդակը»,- նշեց Գ. Ներսիսյանը:

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Ազարյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում նախ՝ զարմացավ, թե որտեղից ենք տեղեկացել ֆեդերացիայի այդ որոշման մասին, ապա պարզաբանեց իր ստորագրած հրամանը:

«Սա փոփոխություն չէ: Մենք որոշեցինք, որ Կրեմլինան մի քիչ տարիքով մեծ է, եւ նրան օգնական է պետք: Նա մնում է որպես ղեկավարող, իսկ Գայանեին նշանակեցինք վազվզողի դերում: Այստեղ շատ հարցեր կան, որ վազվզոց են պահանջում՝ կոմիտե, ֆեդերացիա… այստեղ ավելի երիտասարդ աղջիկ է պահանջվում: Իմաստը դա է։ Թող ոչ մեկի չթվա, թե Կրեմլինան չի կարողանում աշխատել, կամ լավ չի աշխատում ու դրա համար ենք նրան փոխում. բնավ` ոչ: Նա կմնա ղեկավարող, Գայանեն էլ՝ մյուս հարցերով զբաղվող: Ճիշտ է, նա նոր է մեր կազմում, բայց հույս ունեմ, որ երիտասարդին բնորոշ եռանդ կներդնի գեղարվեստական մարմնամարզությունում, ինչպես դա արել է Կրեմլինան»,- ասաց Ա. Ազարյանը:

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը
Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Post a Comment