17 May 2012

Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) հրավերը Նիկոլ Փաշինյանին եւ Նիկոլի պատասխանը:

Մայիս 17, 2012

Սամվել Ալեքսանյանի հրավերը.

«Հարգելի պարոն Փաշինյան,

Պատիվ ունեմ շնորհավորելու Ձեզ համամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու կապակցությամբ եւ որպես պառլամենտական գործընկեր` հրավիրում եմ Ձեզ ներկա լինել թիվ 7 ընտրատարածքում կայացած ազատ, արդար, թափանցիկ եւ, միջազգային դիտորդների գնահատմամբ, մրցակցային ընտրությունների ավարտին նվիրված միջոցառմանը: Համոզված եմ, որ ընտրությունների նման ընթացքը հնարավոր եղավ ապահովել նաեւ ընդդիմադիր ուժերի ակտիվ գործունեության եւ ազնիվ մրցակցության շնորհիվ: Այս առումով անգնահատելի է նաեւ Ձեր գործունեությունը՝ որպես ԱԺ պատգամավորի թեկնածու թիվ 7 ընտրատարածքում: Կարծում եմ, որ Ձեր մասնակցությունը վերոհիշյալ միջոցառմանը մի կողմից կնպաստի Ձեր եւ թիվ 7 ընտրատարածքի ընտրողների միջեւ հետագա մերձեցմանը, մյուս կողմից լավ հիմք կհանդիսանա հայոց խորհրդարանում մեր հետագա արդյունավետ համագործակցության համար:
Միջոցառումը տեղի կունենա մայիսի 21-ին՝ ժամը 19:00, «Փարվանա» ռեստորանային համալիրում»:
_ _ _

Նիկոլ Փաշինյանի պատասխանը
http://www.nikolpashinyan.com/?p=2318
«Պարոն Ալեքսանյան.

Ի սրտե ուրախացա տեսնելով ձեր ձեռամբ գրված հրավերի տեքստը. դա վկայությունն է ոչ այնքան ընտրական համակարգի, որքան ձեր անձնական առաջադիմության: Ուրախ եմ, որ էական ներդրում եմ ունեցել այդ գործում:


Որպես «պատգամավորական գործընկեր» վերահաստատում եմ հեռուստատեսային ուղիղ եթերում բանավիճելու ձեզ ուղղված իմ հրավերը, որի ընթացքում կքննարկենք ձեր տեքստում բերված թեմաները եւ ոչ միայն. ընտրությունների ընթացքը, դրա օրինականությունը, քաղաքական իրավիճակը Հայաստանում, սպառողական գները ընտրություններից հետո, մեր ապագա գործունեությունը խորհրդարանում:

Առաջարկում եմ հեռուստաբանավեճը կազմակերպել մայիսի 20-ի երեկոյան, որեւէ հեռուստաընկերության ուղիղ եթերում: Եթե բանավեճից հետո ախորժակ կունենաք, եւ համակված չեք լինի ընկճախտի սինդրոմով, միայն այդ դեպքում ձեր խնջույքի հրավերի քննարկումը իմաստ կունենա:

Ինչ վերաբերում է ինձ եւ թիվ 7 ընտրատարածքի ընտրողներին, համոզված եմ, ձեր երկարամյա գործունեության ընթացքում թիվ 7 ընտրատարածքում երբեք այնքան իրական ընտրող չեք ունեցել, որքան իմ օգտին քվեարկել է 2012թ. մայիսի 6-ին:

Բարեւներով`

Նիկոլ Փաշինյան»
Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Post a Comment